Ջոն Հոլթ «Մանկան հաջողությունների երաշխիք»

Պնդումներ, որոնց հետ համամիտ եմ:

Երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, և նրանք հեշտությամբ ու բնականորեն են սովորում, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց: 

Իրավիճակների մեծ մասում մեր մտածողությունը լավագույնս աշխատում է այն դեպքում, երբ օգտվում ենք նրանից բնականորեն, տարիքին համապատասխան:

Դպրոցը կարող է լինել այն վայրը, որտեղ բոլոր երեխաները ոչ միայն ֆիզիկապես են մեծանում, և որտեղ ավելանում են նրանց գիտելիքները, այլև զարգանում են նրանց հետաքրքրասիրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, անկախությունը, հնարամտությունը, կենսունակությունը, համբերատարությունը, տեղեկացվածությունը և ըմբռնողականությունը:

Եթե ավելի լավ հասկանանք այն միջոցները, պայմաններն ու հոգեվիճակը, որոնց առկայության դեպքում երեխաները ամենից լավ են սովորում, և կարողանանք դպրոցը վերածել այդպիսի միջավայրի, որտեղ նրանք հնարավորություն կունենան օգտագործելու ու զարգացնելու իրենց բնորոշ մտածողության և ուսուցման բնական ոճը, ապա մենք կկանխենք այդ դժբախտությունների մեծ մասը:

Երեխաները հետաքրքիր արարածներ են, և արժե նրանց ուշադրություն դարձնել:

Փոքրիկներին չսիրելը, նրանց ընկերակցությունից բավականություն չստանալը հանցագործություն չէ: Բայց դա, անշուշտ, մեծագույն դժբախտություն և ահռելի կորուստ է՝ համարժեք քայլելու, լսելու և տեսնելու ընդունակության կորստին:

Դատել, թե ինչպես է աշխատում մտածողությունը կամ ուղեղը (իսկ դրանք տարբեր բաներ են) դիագրամի մի քանի (կամ թեկուզ 64) կորերի հիման վրա, նույնն է, թե օվկիանոսի բնակիչների մասին դատենք հինգ դույլ օվկիանոսի ջուր ուսումնասիրելու հիման վրա:

Մտածողության ուսումնասիրությունը ավելի շատ նման է օվկիանոսի ուսումնասիրությանը, քան մեքենայի չաշխատելու պատճառները որոնելուն: Ավելին իմանալու միակ միջոցը (անգամ այդ դեպքում գիտելիքները ճշգրիտ ու լիարժեք չեն լինի) սուզվելը, լողալն ու նայելն է, թե մենք ինչ կարող ենք տեսնել մեր մտքերի խորը ջրերում:

Մարդկային մտածողությունը խորհրդավոր գաղտնիք է:

Անգամ ամենախելացի, ինքնադիտողական մեծ պաշարով օժտված ազնիվ մարդուն շատ տարիներ կպահանջվեն, որ հասկանա իր գլխում տեղի ունեցող երևույթների ամենաչնչին մասն անգամ: Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է կատարվում մյուս մարդու գլխում:

Պնդումներ, որոնց հետ համամիտ չեմ:

Մենք երեխաների մեծամասնությանը համոզում ենք, որ իրենք բոլորովին ընդունակ չեն մտածելու գոնե դպրոցի պայմաններում կամ ցանկացած իրավիճակում, երբ խոսքը բառերի, խորհրդանիշերի կամ վերացարկված մտածողության մասին է: Երեխաներն իրենց «դմբո»› ու անընդունակ են համարում բարդ, դժվարին կամ ուղղակի մի նոր բան սովորելու ու հասկանալու համար:  

Համամիտ չեմ, որորվհետև դպրոցում, որտեղ սովորել ու աշխատել եմ, միշտ հարգել են սովորողի կարծիքը: Սովորողն անհատ է, որն ունի ազատ մտածողություն, ստեղծագործելու և երևակայելու հնարավորություն ու կարողություն:

Ամեն դեպքում ես արդեն չեմ հավատում, որ կկարողանանք դպրոցը վերածել մի վայրի, որտեղ երեխաները կզարգանան այնպես, ինչպես վերևում նկարագրված է: Բացառություն կարող են համարվել մի քանի հատուկ տեսակի դպրոցներ, ինչպիսին պարարվեստի, համակարգչային ծրագրավորման դպրոցները կամ ավիաակումբները: Համամիտ չեմ, որովհետև, եթե կա ցանկություն, եթե անհատը չի վախենում փոփխություններից, կստեղծի այն, ինչ ուզում է: Դա է փաստում նաև «Բլեյան բաց ցանց լաբորատորիայի» հետ մանկապարտեզների ու դպրոցների համագործակցությունը:

 

Սեմյոն Սոլովեյչիկի «Երես առած երեխաներ»

Երեխային պետք է սիրել, վստահել, տալ ազատություն, բայց նաև՝ հետևել, հսկել: Երբ տղայիս որևէ առարկա է հետաքրքրում, ես դա տալիս եմ նրան: Տնտղում է, հավեսը հանում ու դնում է մի կողմ: Լինում է, որ կոտրում է, փչացնում, բայց հաստատ նյութականը տղայիս հրճվանքից, արած բացահայտումից թանկ չէ: Ես ուրախանում և ինձ երջանիկ եմ զգում, երբ տղաս ուրախանում, հրճվում է իր խաղից /ջրափոսում վազվզել, ավազի մեջ թավալվել, նկարել պատերին, ինչո՞ւ չէ՝ նաև իմ ու իր վրա և այլն/: Իհարկե շատերի համար  սա նորմալ երևույթ չէ: Հոդվածը կարդալիս հիշեցի հարևանուհուս խոսքերը. «Խիստ եղի՛ր ու ցույց մի՛ տուր, որ իրեն շատ ես սիրում, երես կառնի»:     

Design a site like this with WordPress.com
Get started